«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

«Արմաթ» լաբորատորիայի մի քանի շրջանավարտներ, որոնք այժմ ծառայում են բանակում, արդեն սկսել են հստակ նպատակների համար ռազմատեխնիկայի կատարելագործման իրենց տարբերակներն առաջարկել: Սակայն ինժեներական խմբակների զարգացման համար պետական աջակցություն է անհրաժեշտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. «Արմաթ» դպրոցական ինժեներական խմբակների շրջանավարտներն արդեն ռազմական տեխնիկայի կատարելագործման իրենց տարբերակներն են առաջարկում։ Պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսի ընթացքում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Արմաթ» նախագծի համակարգող Ավագ Սայանը:

«Արմաթ» խմբակները բացվում են ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախաձեռնությամբ, դրանք ղեկավարում են միության անդամ ՏՏ ընկերությունները։

Հայկական նոր զենքը կսթափեցնի ադրբեջանցի դիվերսանտներին. ArmHiTec ցուցահանդեսը Երևանում

Արտադասարանական պարապմունքների ժամանակ այդ խմբակներում ապագա միկոյաններն ու իոսիֆյաններն իրենց առաջին քայլերն են անում` ԱԹՍ-ներ կամ ռոբոտ-սակրավորներ հավաքելով։ Հավաքել կարելի է նաև պատրաստի հրահանգով։ Սակայն նրանք, ովքեր սերտել են դրա հիմունքները, զարմանալիորեն արագ սկսում են նաև փորձարկումներ անել` չվախենալով սխալվելուց։

«Բավական ֆունկցիոնալ մոդելներ են ստեղծում 17, 16 և նույնիսկ 15 տարեկան դպրոցականները։ Միևնույն ժամանակ նրանք սովորում են աշխատել թիմում։ Օրինակ` Գյումրիի խմբակի աշակերտները միասին մետաղադետեկտոր են ստեղծել, որը փորձարկել են այստեղ` ցուցահանդեսին։ Դա իհարկե լավ է։ Սակայն դպրոցական, խմբակային մակարդակից պրոֆեսիոնալիզմի հասնելու համար հարկավոր է բանակցություններ վարել համապատասխան կառույցների հետ։ Եթե նրանց կողմից աջակցություն լինի, մեր շրջանավարտները կկարողանան մի շարք խնդիրների լուծման համար արդյունավետ ավտոմատացված համակարգեր ստեղծել», — ավելացրեց Սայանը։

«Արմաթի» մի քանի շրջանավարտներ, որոնք այժմ ծառայություն են անցնում բանակում, նման կատարելագործման տարբերակներ են սկսել առաջարկել հստակ նպատակներով։

Սայանն ասում է` այս աշխատանքում կարևորը ժամանակը չխնայելն է, իսկ հարկ եղած դեպքում նաև գումարը։ Եվ որպես օրինակ նշում է Ճապոնիայի փորձը։ «Ֆուկուսիմայում» աղետից հետո կայանի կողքին տասնյակ միլիոն դոլար ներդրմամբ ռոբոտատեխնիկայի կենտրոն էր ստեղծվել։ Այնտեղ ամենատարբեր ձևերի և չափերի ռոբոտներ են ստեղծվում փլատակները վերացնելու և պատկերը փոխանցելու ժամանակակից տեխնիկայով։ Ռոբոտները վեց տարի փլատակները ճեղքելով առաջ էին գնում, որպեսզի գտնեն վառելիքի օջախները (այնուհետև այն կրկին ռոբոտների օգնությամբ ուզում են զտել)։

ArmHiTec 2018 պաշտպանական սպառազինության ցուցահանդես․ ինչով են զարմացրել հայերը․ տեսանյութ

Տասնյակ մոդելներ` յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար և ավելի արժողությամբ, հասցնում էին աշխատել 10-20 րոպե։ Ճապոնացիները պատրաստ են նման գումարներ ծախսել միայն թե փրկեն աշխատավորների կյանքը։

«Համոզված եմ, որ այդպես են մտածում նաև Հայաստանի համապատասխան կառույցներում։ Իսկ մեր երեխաները կջանան, որ ամեն ինչ լավ լինի», — համոզված է Սայանը։

Երևանում մարտի 29-31-ն անցկացվում է պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային երկրորդ ցուցահանդեսը։ Բացի հայկական ընկերություններից, դրան մասնակցում էին 30 ընկերություններ 14 երկրներից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ », «Ալմազ-Անտեյ», «Տեխմաշ», «Պրիբոր», «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները։