ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. «Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց`ապրիլի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում 10.680 պայմանական համարի տակ պահվող ձեռագիրը` Հայաստանի ամենահին ամբողջական պահպանված Ավետարանը, հատուկ ընթացակարգով դուրս կբերվի պահոցից, կտեղափոխվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ այդ օրը, աջ ձեռքը դնելով ձեռագրի վրա, երդում կտա Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:
Իսկ թե ովքեր ներկա կլինեն արարողությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց Ա. Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից` նշելով, որ հյուրերի թվում շրջանառվում է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի անունը: «Նման հրավեր կամ պայմանավորվածություն չկա, և առհասարակ պետությունների ղեկավարներ կամ արտերկրյա պատվիրակություններ չեն հրավիրվել։ Կլինեն օտարերկրյա հյուրեր, այս պահին ճշտվում է վերջնական ցանկը, հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դեսպանները»,–ասել է նա:
Իսկ թե ի՞նչ սկզբունքով է ընտրելու ՀՀ ընտրված նախագահն իր աշխատակազմի կադրերին, և ովքեր կլինեն նրանց շարքերում, Հ. Պետրոսյանը խոստացավ պատասխանել, երբ Ա. Սարգսյանն ի պաշտոնե կստանձնի իր լիազորությունները»: