Ապօրինի «գազելներ», թե «օրվա պլան» . ի՞նչն էր արմավիրցիներին զրկել տրանսպորտից

Արմավիրի ու Երևանի կապն ապահովող միակ ընկերությունը դժգոհ է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից։ Արմավիրցիները երբեմն մնում են առանց տրանսպորտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. «Արմավիր-Երևան-Արմավիր» երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն այսօր պարզաբանում է ներկայացրել միկրոավտոբուսների վարորդների հայտարարած գործադուլի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ սեփականատիրոջ կողմից վարորդների օրվա «պլանների» բարձրացման մասին լուրերը «իրականության հետ որևիցե աղերս չունեն»։

Արմավիրի միկրոավտոբուսների վարորդները գործադուլ են անում. մարդիկ մնացել են փողոցում

«Իրականում, խնդիրն այն է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը չի նկատում մեր բողոքները և դիտավորյալ, կազմակերպված անգործություն է ցուցաբերում «Գալակտիկա Տրանս Սերվիս» կազմակերպության նկատմամբ»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։ Ըստ ընկերության պարզաբանման` նախարարությունը չի արձագանքում իրենց դիմումներին ու չի ազատում երթուղին ապօրինի ուղևորափոխադրողներից։ «Նախարարության նման անգործության հետևանքով վարորդը չի կարողանում նախատեսված և ակնկալվող ուղևորների նվազագույն քանակն ապահովել։ Հետևապես, և´ վարորդը, և´ տնտեսվարողը կրում են ֆինանսական և բարոյահոգեբանական կորուստներ և անհարմարություններ»,– նշում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերությունը։

Ի դեպ, Արմավիրի բնակիչները Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին երթուղու միկրոավտոբուսները բնականոն աշխատում են։

Հիշեցնենք, մարտի 28-ին Արմավիր–Երևան միկրոավտոբուսային երթուղու վարորդները գործադուլ էին կազմակերպել։ Արմավիրցիների խոսքով` վարորդներն ասել էին, որ չեն աշխատելու, քանի որ «գծի տերն» իրենց օրվա «պլաններն» ավելացրել է` նախկին 15 000 դրամի փոխարեն այժմ 22 000 դրամ պահանջելով։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյան էլ Sputnik Արմենիային հայտնել էր, որ երթուղին շահագործող ընկերության տնօրինության հետ նախարարությունում «բարձր մակարդակով» խորհրդակցություն են անցկացրել, որի արդյունքում հույս ունեն, որ երթուղին կսկի աշխատել։ Իսկ գործադուլի պատճառն, ըստ նախարարության` «տեխնիկական խնդիրն» էր։