Յուլյա Սկրիպալն ուշքի է եկել. նա արդեն կարող է սնունդ ընդունել. ԶԼՄ

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ բրիտանական կողմը մեղադրում է Ռուսաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Թունավորումից ուշքի եկած ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ 33-ամյա Յուլյա Սկրիպալը, արդեն կարող է ուտել ու խմել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Sky News-ին:

Իշխանությունները հուսով են, որ Յուլյա Սկրիպալը կկարողանա կատարվածի վերաբերյալ մանրամասներ հաղորդել:

Մոսկվան Արևմուտքին հայելային պատասխան կտա և ոչ միայն

Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Յուլյա Սկրիպալի վիճակի բարելավվում է: Բայց նրա հայրը՝ Սերգեյ Սկրիպալը, դեռ գտնվում է կայուն ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Մեծ Բրիտանիան պաշտոնական Մոսկվային է մեղադրել նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար: Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և հայտնել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:

Հայտնի է, որ հայր ու դուստրը թունավորվել են Խորհրդային Միությունում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով: Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: