ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուսինը` ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: 1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նրա ոտքերն անդամահատել են, հեռացվել է փայծաղը։
Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նրանց վիճակի բարելավման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Մարտակերտ քաղաքի մոտ Niva մակնիշի ավտոմեքենան պայթել էր ականի վրա, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2–ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Ավտոմեքենան պատկանել է «Հալո Թրաստ» ընկերությանը, որն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Արցախի տարածքում։