ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել է հարցազրույց անցկացնել Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկների և մարզիչների հետ, բայց միաժամանակ խորհուրդ է տվել դիմել Հայաստանում գտնվող հյուպատոսարան։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի ազատ ոճի ըմբշամարտի բաժնի պետ Վալերի Ֆելդշերովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է հարցազրույցներ անցկացնել Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի հետ` ամերիկյան վիզաներ ստանալու համար։
«Ստեղծված իրավիճակում մեր թիմը զրկվում է աշխարհի գավաթում հանդես գալու հնարավորությունից։ Մեզ չեն գրանցել հարցազրույցի, ավելին` մեզ խորհուրդ են տվել մուտքի արտոնագիր ստանալու համար հարցազրույց անցնել Հայաստանի հյուպատոսարանում։ Մենք ժամանակ չունեինք, և թիմը հայտնվեց մի իրավիճակում, երբ մրցաշարին նախապատրաստվելու փոխարեն ստիպված եղավ ընդհատել մարզումների գործընթացը։ Ես զգում եմ, որ մենք արդեն բաց ենք թողել աշխարհի գավաթը», — ասել է Ֆելդշերովը։
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը տեղի կունենա Այովա Սիթիում ապրիլի 7-8-ին։