«Սկրիպալի գործը»․ Ռուսաստանն Արևմուտքին հստակ հարցեր կներկայացնի

Լավրովը հույս է հայտնել, որ կհաջողվի ազնվորեն խոսել Արևմուտքի հետ, հակառակ դեպքում ակնհայտն կլինի, որ «Սկրիպալի գործը» կոպիտ սադրանք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ռուսաստանն առաջարկել է «Սկրիպալի գործի» առնչությամբ՝ քիմիական զենքի արգելման կազմակերպության արտահերթ նստաշրջան գումարել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարարը, ինչի մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կներկայացնենք հստակ հարցեր, որոնք արդեն բազմիցս ուղղել ենք նրանց, սակայն դա ընդհանրացրած տեսքով կանենք», — ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ենթադրվում է, որ քիմիական զենքի արգելման կազմակերպության արտահերթ նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 4-ին։ Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի «արևմտյան գործընկերները ազնիվ խոսակցությունից չեն խուսափի»։

Մոսկվան Արևմուտքին հայելային պատասխան կտա և ոչ միայն

«Հակառակ դեպքում դա ևս մեկ անգամ կապացուցի, որ այս ամենը միայն նախապես մտածված, կոպիտ սադրանք է», — ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնական Մոսկվային է մեղադրել նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար: Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ միանում են Մեծ Բրիտանիային և հայտնել են ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:

Հայտնի է, որ հայր ու դուստրը թունավորվել են Խորհրդային Միությունում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով: Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: