ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Չնայած Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հայեր չեն տուժել, բայց այսօր հայտնի դարձավ, որ մահացածների մեջ ազգությամբ հայեր են եղել՝ հայր և որդի Գալանինները:
Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի մարզի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ նրանց ազգությունը չեն կարողացել իմանալ, քանի որ երկուսն էլ ռուսական ազգանուն ունեն, թեև հայրական կողմից ծագումով հայեր են՝ Գալանին Դմիտրին, որի հայրանունը Սարգիս է, և Գալանին Միխայիլը՝ նրա որդին։ Հայրը ծնվել էր 1975 թվականին, որդին՝ 2008-ին։ Փաստաթղթերով Գալանինները ռուս են, սակայն Դմիտրիի հայրը՝ Սարգիս Խումարյանը, Ախալցխայի հայ է։ Քանի որ նա անուսնալուծվել է, որդին մոր ազգանունն է վերցրել։
Այսօր ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հրդեհի զոհ դարձած Դմիտրիի հայրը՝ Սարգիս Խումարյանը, պատմել է իր վշտի և ապրումների, նաև այն մասին, թե ինչպես է իմացել որդու և թոռան մահվան մասին:
Նրա խոսքով՝ այդ չարաբաստիկ օրը որդին ու թոռը որոշել էին կինոթատրոն գնալ՝ մուլտֆիլմ դիտելու։ Որոշ ժամանակ անց որդու կինը զանգահարել է և տեղեկացրել, որ «Զիմնյայա վիշնյայում» հրդեհ է բռնկել, իսկ ամուսինն ու որդին այնտեղ են:
«Ոտքերս-ձեռքերս թուլացան… ես հագնվեցի, վազեցի այնտեղ, ինձ ներս չթողեցին: Ասում եմ՝ տղաներ, որդիս ու թոռնիկս են այնտեղ: Թույլ չտվեցին, մի ավտոբուս նստեցրին…»,- հիշում է նա:
Սարգիսն ասում է, որ հետո երազում տեսել է որդու մահը։
«Նա փրկում էր մարդկանց, բղավում էր։ Եթե ուզենար, նա կարող էր ողջ մնալ, բայց մարդկանց էր փրկում»,- երազը մեկնաբանում է վշտացած հայրը՝ ասելով, որ այդ երազից հետո հաստատ հասկացել է՝ հարազատները ողջ չեն:
Սարգիսը վրդովված է, որ մինչև այժմ որդու ու թոռան դիերը նրան չեն հանձնել։ Նա ճանաչել է որդուն ժամացույցից ու վզնոցի սրբանկարից։ Նրա խոսքով՝ սրբանկարը չափազանց փոքր էր, այն չէին կարող գետնից գտնել, ուրեմն դիակի վրայից են հանել։ Նրան բարկացնում է, որ մահացածների մարմինները հարազատներին չեն տալիս։
«Քրիստոնյայի պահվածք չէ։ Չի կարելի մարմիններն այդքան երկար պահել», —ասում է նա։