Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավարը պատմում է՝ ինչպես է հայ մարզիկը փրկել մարդկանց

Քաղաքը փոքր է, գրեթե բոլոր բնակիչները գիտեն միմյանց, և յուրաքանչյուրը պատահածը որպես անձնական ողբերգություն է ընդունում։ Մարդիկ չեն կարողանում քնել, նրանք սարսափած են, վշտացած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավար Արգիշտի Սիմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպիսի իրավիճակ է քաղաքում, և ինչպես է համայնքը վերաբերվում ողբերգությանը։

«Մեծ դժբախտություն է պատահել, երեխաներ են մահացել։ Դուք գիտեք, թե ինչպես է հայ ժողովուրդն արձագանքում նման բաներին։ Քաղաքը փոքր է, գրեթե բոլորը ճանաչում են միմյանց, և յուրաքանչյուրը պատահածը որպես անձնական ողբերգություն է ընդունում։ Մենք բոլորս անհանգստանում ենք, գրեթե չենք քնում։ Դա շոկ է բոլորիս համար։ Այն ի՞նչ պատահեց։ Չգիտենք` ինչ ասենք», — ասում է համայքի ղեկավարը։

«Կեմերովո, ձեզ հետ ենք» Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել

Սիմոնյանը չորս երեխա ունի, նրանք նույնպես հաճախ են այցելել առևտրի կենտրոն։ Իսկ հրդեհից երկու ժամ առաջ այնտեղ եղել են նրա ընկերոջ երեխաները։

Նա նաև հաղորդել է, որ տեղի հայերից մեկը` մարզիկ Արսեն Խաչատրյանը, հրդեհի ժամանակ ընտանիքի հետ եղել է առևտրի կենտրոնում։ Նա կարողացել է ժամանակին դուրս բերել ընտանիքը, ինչպես նաև օգնել շատ մարդկանց դուրս գալ այրվող շենքից։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։ Կեմերովոյի մարզի իշխանություններն ու իրավապահ մարմինները ստուգում են 78 մահացածի մասին տվյալները։