Ադրբեջանի քաղաքացին վերելակի մեջ հարձակվել է երեխայի վրա, փորձել է աչքերը հանել ու խեղդել

Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում վերելակի մեջ փորձել է խեղդել 13 տարեկան երեխային և հանել նրա աչքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Վրաստանում մարտի 28-ին Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել։ 22 տարեկան երիտասարդը Թբիլիսիի տներից մեկի վերելակում փորձել է հարձակվել 13 տարեկան դեռահասի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Ադրբեջանցի դերասանուհին բռնաբարության մեղադրանք է ուղղել հայտնի ռեժիսորին

Ականատեսների խոսքով` 8-րդ դասարանցի տղան դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ նրա հետ վերելակ է մտել նաև երիտասարդը, որը, ըստ տեղեկությունների, փորձել է հանել տղայի աչքերն ու պարանով խեղդել նրան։

Դեռահասի ճիչը լսելով` դուրս են վազել հարևանները և ոստիկանություն ու շտապօգնություն են կանչել։ Ավելի ուշ երեխայի բարեկամուհին բացառել է սեռական բռնության փորձը, բայց ասել է, որ հարձակվողը սատանիստ է եղել։

«Նա (հարձակվողը — խմբ.) ասել է` ես պետք է զոհաբերեմ քեզ սատանային, հետո սկսել է խեղդել երեխային», — ասել է կինը։

Վերջին տվյալների համաձայն` տղայի վիճակը կայուն է։ Մարտի 28-ի լույս 29-ի գիշերը նրան հետազոտել է ակնաբույժը։ Վիրահատական միջամտության կարիք չի եղել, բայց տեսողության խնդիրներ ամեն դեպքում կան։ Բացի այդ, տուժածի մոտ ուղեղի ցնցում և արյան զեղում էին հայտնաբերել։

Հարուցվել է քրեական գործ «անօգնական վիճակում գտնվող անչափահասին ծեծի կամ այլ բռնության հետևանքով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելու» հոդվածով, ինչը 4-6 տարվա ազատազրկում է նախատեսում։