Հայերն ու հույները դիպուկահարների դեմ սարք են ստեղծել. այն արդեն փորձարկվել է

Սարքը փորձարկություն է անցել դաշտային պայմաններում․այն կարող է հայտնաբերել ամենածածուկ վայրերում թաքնված դիպուկահարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանում արտադրված նոր սարքը թույլ է տալիս հայտնաբերել հակառակորդին նրա իսկ օպտիկական սարքավորումների շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց հայ-հունական  LT-Pyrkal ընկերության ներկայացուցիչ Պետրոս Գասպարյանը։ Նրա ընկերությունը ներկայացված է Երևանում անցկացվող ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին։

Հայաստանը մտադիր է ռազմական տեխնիկայի նոր նմուշներ մշակել

Այն գտնում է հակառակորդի օպտիկական սարքերը, այդ թվում՝ դիպուկահարների նշանառու սարքերը` նրանց անդրադարձրած (թեկուզ և փոքր) փայլով։

«Սարքը բավականին արդյունավետ է ու ազդեցության բավարար շառավիղ ունի։ Այն արդեն փորձարկվել է դաշտային պայմաններում», — հավելեց Գասպարյանը։

Ընկերության ևս մեկ մշակում է սաղավարտի վրա հագցվող համակարգիչը։ Համակարգչի հաղորդող սարքերը տեղանքի մասին տվյալներ են փոխանցում միկրոէկրանի վրա։ Իսկ էկրանին կարելի է նայել օկուլյարի միջոցով։ Այսինքն՝ սաղավարտը հագնելիս՝ մեկ աչքով կարելի է հետևել մոնիտորին։

Այդ համակարգչի տրամադրած տվյալներով շատ ավելի հեշտ է գործել ու որոշումներ կայացնել, պարզաբանեց Գասպարյանը։