ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա։