Արցախում ականի պայթյունից տուժածները հիվանդանոցում են. մեկի վիճակը ծանր է

Niva մակնիշի ավտոմեքենայի պայթյունից տուժած անձանց Ստեփանակերտ են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հիվանդանոցից։

«Մեկի վիճակը ծանր է, մյուսինը` բավարար»,- նշեց հիվանդանոցի բուժքույրերից մեկը։

Նախնական տվյալով` ականի վրա պայթած ավտոմեքենայում հայեր են եղել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Ավտոմեքենան պատկանել է «Հալո Թրաստ» ընկերությանը։

«Կազմակերպությունը տևական ժամանակ ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Կարող եմ ասել, որ երկրի մեծ մասն արդեն ականազերծված է»,- նշեց նա։

Արտակարգ դեպք Արցախում. ականի պայթյունից մարդիկ են մահացել

Բաբայանի խոսքով` Ադրբեջանն ամեն ինչ անում է կազմակերպության աշխատանքը խոչընդոտելու և ֆինանսավորումը նվազեցնելու համար։

Հայաստանը, հակառակը, փորձում է ֆինանսավորում գտնել, օգնել նրանց աշխատանքները շարունակելու համար։

«Նրանք իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալներ են»,- ասաց Բաբայանը։

Նշենք, որ ժամեր առաջ Մարտակերտ քաղաքի մոտ Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ դեպքի վայրը հեռու է առաջնագծից և բանակի հետ կապ չունի, դեպքը տեղի է ունեցել Նոր Ղազանչի գյուղի մոտ։