Դատարանը Ջիգարխանյանի նախկին կնոջն առանց գումարի՞ կթողնի

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բողոքն անհիմն է համարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Դատարանը մերժել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի` բանկային պահատուփում պահվող 1 մլն ռուբլի գումարը (շուրջ 17450 դոլար) վերցնելու բողոքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վճիռն այսօր կայացրել է Մոսկվայի քաղաքային դատարանը։

Նա իրեն խայտառակ մահվան է դատապարտել. Վիտալինան խոսել է Ջիգարխանյանի մասին

«Դատական բողոքը չբավարարել», — գրված է դատավճռում։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան բողոքը քննելու ընթացքում ասել է, որ պահատուփից գումարն ապօրինի է հանվել, իսկ այն հոդվածը, որով մեղադրվում է իր պաշտպանյալը, ենթադրում է, որ կալանքի տակ կարող է վերցվել ոչ ավելի, քան 200 հազար ռուբլի։

Պետական մեղադրողն իր հերթին նշել է, որ գումարը հանելու թույլտվությունն օրինական է տրվել, իսկ դատարանի որոշումը հարցեր չի առաջացնում և հիմնավորված է։ Շիրոկովան դատավարությունից հետո հայտնել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում։

Չերյոմուշկինսկի շրջանի դատարանը 2017 թվականի նոյեմբերի 29-ին ժամանակավոր կալանքի տակ էր դրել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պատկանող բանկային պահատուփի պարունակությունը։ Պարզվել էր, որ այնտեղ 1 մլն ռուբլի կա։

Դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։