Արմավիրի միկրոավտոբուսների վարորդները գործադուլ են անում. մարդիկ մնացել են փողոցում

Արմավիրը զրկվել է Երևանի հետ միակ երթուղուց։ Վարորդները գործադուլ են անում, իսկ պատկան կառույցները խաբում են լրագրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արմավիր-Երևան միկրոավտոբուսային երթուղու վարորդներն այսօր առավոտից գործադուլ են անում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արմավիր քաղաքի բնակիչներից մեկը։ «Այսօր առավոտյան կանգառում 100-ից ավելի մարդիկ էին հավաքվել։ Մարդիկ գործի, դասի պիտի հասնեին, ոչ մի «Գազել» չէր աշխատում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հերթը հասավ բեռնատարների վարորդներին. ո՞վ իր գրպանը «կլվա», ո՞վ` ավտոմեքենան

Արմավիրցիները ստիպված են եղել մայրաքաղաք հասնել տաքսիներով, և որպեսզի շատ թանկ չվճարեն, նրանք մի քանի հոգանոց խմբեր են կազմել։

Մեր զրուցակցի խոսքով` վարորդներն ասել են, որ չեն աշխատելու, քանի որ «գծի տերը» նրանց օրվա «պլաններն» ավելացրել է. եթե նախկինում վարորդներն ամեն աշխատանքային օրվա դիմաց 15 000 դրամ էին վճարում, ապա այժմ 22 000 դրամ են պահանջում։

Արմավիր-Երևան երթուղու վարորդների գործադուլի մասին մեր հարցին Արմավիրի մարզպետարանից հայտնեցին, որ չեն լսել այդ մասին, Արմավիրի քաղաքապետարանից վստահեցրին, որ նման բան չկա. Արմավիրի միջմարզային տրանսպորտն այսօր ամբողջ օրն անխափան աշխատել է։

Եվ միայն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը հաստատեց մեր տեղեկությունները։

Ավելին` նրա խոսքով, Արմավիր-Երևան-Արմավիր երթուղու աշխատանքն այս պահին էլ դեռ վերականգնված չէ։

«Մենք քիչ առաջ բարձր մակարդակով խորհրդակցություն ենք անցկացրել այս հարցով։ Տնօրինությունն էլ տեղյակ է, և կարծում եմ` առաջիկայում այս հարցը կկարգավորվի, մի փոքր ավելի ուշ ամեն ինչ կընկնի հունի մեջ»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։ Հարցին, թե ինչն է եղել գործադուլի պատճառը, Մելքոնյանը պատասխանեց. «Մի փոքր տեխնիկական խնդիր է եղել»։

Ինչ վերաբերում է «օրվա պլանն» ավելացնելու մասին վարորդների հայտնած տեղեկությանը, նախարարության ներկայացուցչը նշեց, որ դա իրենց գործառույթից դուրս է։

«Թե տնտեսվարող սուբյեկտը յուրաքանչյուր վարորդից օրական որքան գումար է ստանում, կարծում եմ, դա մեր ֆունկցիան չէ»,- ասաց նա։

Նախարարությունում վստահեցնում են, որ տրանսպորտի աշխատանքն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի։ Բայց մինչ այդ Երևանում աշխատող արմավիրցիները ստիպված կլինեն տուն վերադառնալ դարձյալ տաքսիներով։

Նշենք, որ Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկող միակ ընկերությունն 2017թ-ին կնքված պայմանագրով «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն։

Սպասարկման պայմանագրի համաձայն` ավտոբուսները պետք է աշխատեն շուրջ մեկ ժամ պարբերականությամբ, առավոտյան 08։40-ից 18։15-ը, միկրոավտոբուսները`10 րոպե պարբերականությամբ` առավոտյան 07։10-22։40–ը։