Տուն-ինտերնատի ղեկավարությունը ծերերի ու անօթևանների հաշվին «բիզնես» է արել

Երևանի ծերանոցի 4 աշխատակից մեղադրվում է պետական միջոցների հափշտակության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված հափշտակությունների դեպքով մեղադրանք է առաջադրել 4 անձի:

Տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն` քննիչներին հաջողվել է պարզել, որ տուն ինտերնատի աշխատակիցները 2017թ. նոյեմբեր-դեկտեմբերին ազատ հաստիքներում ձևականորեն մարդկանց են գրանցել ու գրպանել նրանց անունով փոխանցված աշխատավարձերը։

Գյուղապետի ախորժակը. Շիրակի մարզում «կերել են» ռուսական ցորենի սերմացուի փողերը

Հիշյալ 4 անձանց ինքնությունը չի բացահայտում։

Սա այդ տուն ինտերնատում տեղի ունեցած առաջին հափշտակութունը չէ։ Նման մեկ այլ բացահայտում էլ 2017թ.-ին էր եղել, բայց քննությունը դեռ շարունակվում է։ 2011-2016թթ. ընթացքում ինտերնատի պաշտոնատար անձինք մեքենայությամբ 3 միլիոն 687 հազար դրամ էին հափշտակել։

2017թ.-ին իրավապահները պարզել էին, որ ՊՈԱԿ-ի անձնակազմը հաշվառումից չի հանել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած ծերերին, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում։ Արդյունքում միայն սննդամթերքի ավել ներկայացրած ծախսի հաշվին տուն ինտերնատի ղեկավարությունը ՀՀ պետական բյուջեից 8 միլիոն 471 հազար դրամ ավել գումար է ստացել։