Միջազգային գիտաժողովի մասնակից հային Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահելով հետ են ուղարկել

Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը, գրել է Մկրտչյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Մարտ — Sputnik. Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Facebook-ի իր էջում ԵՄ երկրների համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել Բաքվի ապակառուցողական քաղաքականության հերթական քայլի վրա։  Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահ հայազգի Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մեկնել է Բաքում, որտեղ նրան զրկել են գիտաժողովին մասնակցելուց և հետ ուղարկել Էստոնիա։

Պատերազմը չեմ բացառում, մենք պատրաստ ենք Բաքվի գործողություններին. Մովսես Հակոբյան

«Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։

Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է, և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։

Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»,–գրել է Տիգրան Մկրտչյանը։