Հայաստանը ստացել է զենքի ամբողջ խմբաքանակը Ռուսաստանի առաջին վարկի շրջանակում

Պաշտոնական Երևանը մտադիր է շարունակել համագործակցել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին ամբողջովին մատակարարել է զենքի այն խմբաքանակը, որը Հայաստանը գնել էր առաջին վարկի շրջանակում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսին Հայաստանը Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկ է ստացել` սպառազինություն գնելու համար։ Այս վարկային գծով մատակարարումն ավարտվել է 2017 թվականի վերջին։ Հենց այդ ժամանակ էլ` դեկտեմբերին, Հայաստանի խորհրդարանը 100 մլն դոլարի նոր վարկ վավերացրեց։

Մեր շահերից ենք ելնելու. Հայաստանի ՊՆ-ն` ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին

«ՌԴ-ի առաջին վարկի շրջանակներում սպառազինությունն ամբողջովին մատակարարված է, և կա պայմանավորվածություն շարունակելու. դա սպառազինության գնումների մեջ լուրջ մաս է կազմում», —ասաց Փախչանյանը:

Փոխնախարարը մեկնաբանել է նաև ռուսական կողմի հայտարարությունը՝ Ադրբեջանին զենքի մատակարարման մասին:

«Ակնհայտ է, որ մենք դժգոհ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումից, ռուսական կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մատակարարումների քանակը խիստ նվազելու է։ Համագործակցությունն ընթանում է արդյունավետ», — ասաց Փախչանյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը հիմա լավ մակարդակի վրա է:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտնել էր, որ Ռուսաստանը հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից: