«Կեմերովո, ձեզ հետ ենք» Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Կեմերովոյի ողբերգության հետ կապված ցավակցությունների գիրք է բացվելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվել` Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Այս մասին հայտնում է դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Վլադիմիր Պուտինը սուգ է հայտարարել երկրում

«2018 թվականի մարտի 28-ին և 29-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ցավակցությունների գիրք է բացվելու՝ ՌԴ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության հետ կապված», — նշվում է հաղորդագրության մեջ:

Ցանկացողները կարող են գրառումներ թողնել մարտի 28-ին ժամը 14:00-ից 17:00-ը և մարտի 29-ին՝ ժամը 11:00-ից 17:00-ը:

Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը հայաստանցիներին ևս անտարբեր չի թողել. մարդիկ շարունակում են դեսպանատան շենքի մոտ ծաղիկներ ու խաղալիքներ բերել:

Կեմերովոյի «Զիմնյայ վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25–ին բռնկված հրդեհի զոհ են դարձել 67 մարդ: Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է` զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։