Վլադիմիր Պուտինը սուգ է հայտարարել երկրում

Ռուսաստանի նախագահը սուգ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով մարտի 28-ը սգո օր է հայտարարվել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը ծաղիկներ խոնարհեց հրդեհի զոհ դարձածների հիշատակին

Ռուասաստանի Դաշնության ղեկավարն այսօր` վաղ առավոտյան, մեկնել է Կեմերովո, որտեղ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել։ Պուտինը ծաղիկներ է խոնարհել ողբերգության զոհերի հիշատակին։

Նա վարդերի փունջը դրել է առևտրի կենտրոնի մոտ, ուր մարդիկ ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են տանում։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։

Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։ Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։