Պուտինը հանցավոր անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը

Ռուսաստանի նախագահը մեկնել է Կեմերովո և ծաղիկներ դրել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին և այդքան մարդ կորցնում ի՞նչ պատճառով։ Հանցավոր անփութության, անբարեխղճության», — ասել է Պուտինը։

Կեմերովոյում հրդեհի հետևանքների վերացման թեմայով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ողբերգության առաջացման խնդիրներին։ Նա նշել է, որ որոշ տեղեկանքներ կարելի էր ստանալ պարզապես համապատասխան գումար վճարելով։ Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։

Պուտինը ողբերգության վայր է մեկնել

Բաստիրկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում մի շարք փաստաթղթեր են առգրավվել, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։