Վարկը չի կարողացել վճարել. հայ դատավորը սնանկ ճանաչվելու եզրին է հայտնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ հոկտեմբերի 27-ի գործով հայտնի դատավորը չի կարողանում վճարել բանկից վերցրած վարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը:

«Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու հիմա, փաստորեն, հայտնի դատավորը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հետաքրքիրն այն է, սակայն, որ բանկը ցանկանում է Ուզունյանին սնանկ ճանաչել այն դեպքում, երբ նա հայտարարագրել է 3 մլն դրամ, նաև բազմաթիվ անշարժ գույք, որի մի մասը ձեռք է բերել 2016 թվականին»,- գրում է թերթը:

«Ժողովուրդին» նաև հայտնի է դարձել, որ հայաստանյան առևտրային մեկ այլ բանկ էլ սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել մեկ այլ դատավորի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ. նա էլ իր հերթին է 5 մլն դրամ վարկ վերցրել:

Թեև թերթի հետ զրույցում Մելքումյանն ասել է, որ ինքն արդեն ամբողջությամբ վճարել է գումարը: Իսկ Ուզունյանից մեկնաբանություններ ստանալու բոլոր փորձերն անցել են ապարդյուն: