ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հանդուրժել «Արևմուտքի երկրների անպատկառությունը» և կպատասխանի դիվանագետների արտաքսման քայլին։
Այդ մասին նա հայտարարել է Տաշքենդում հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կպատասխանենք։ Չկասկածեք, որովհետև ոչ ոք չի հանդուրժի նման բռիությունը։ Մենք նույնպես չենք հանդուրժի», — ասել է Լավրովը։
Լավրովը նշել է նաև, որ համաշխարհային ասպարեզում ինքնիշխան քիչ խաղացողներ են մնում։
«Այս ամենից կարելի է հետևություն անել, որ մենք ճիշտ էինք, երբ մի քանի անգամ ընդգծել ենք, թե ժամանակակից աշխարհում, ժամանակակից Եվրոպայում ինքնուրույն շատ քիչ երկրներ են մնացել», — ասաց դիվանագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ «համարժեք պատասխան կտան Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված բոլոր գործողություններին»։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Եվրամիության 16 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք ուրիշ երկրներ որոշում են ընդունել ռուս դիվանագետներին իրենց երկրներից արտաքսելու մասին` «Սկրիպալի գործի» առնչությամբ։ Մասնավորապես ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են 48 ռուս դիվանագետի և ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի առաքելության 12 աշխատակիցների, ինչպես նաև փակում են Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։