Ոչ մի պետություն Մոսկվայի մեղավորության ապացույցներ չի ներկայացրել Սկրիպալի գործով. ԱԳՆ

Պետություններից ոչ մեկը հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլիայի թունավորման գործում Ռուսաստանի մեղավորության ապացույցներ չի ներկայացրել, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ոչ մի պետություն ապացույցներ չի ներկայացրել, որ Մոսկվան առնչություն ունի հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ ԵՄ 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ «Սկրիպալի գործի» պատճառով որոշել են երկրից արտաքսել ռուս դիվանագետներին։ ԱՄՆ-ն հայտարարել է նաև, որ արտաքսում է 48 ռուս դիվանագետի և ՄԱԿ-ին կից ՌԴ առաքելության 12 աշխատակցի, ինչպես նաև փակում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Սիեթլում։

Զախարովան ընդգծել է, որ դիվանագետներին արտաքսելը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։

«Ներկա պահին ոչ մի պետություն, առավել ևս Վաշինգտոնն ու Լոնդոնը, որևէ ապացույց չեն ներկայացրել», — լրագրողներին է ասել Զախարովան։

Նրա խոսքով` այս դեպքում տեղեկատվական հրապարակումների հաշվին հասարակական գիտակցության մանիպուլյացիա և ինչ-որ լեզվաբանական վարժանքներ են անում։

Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով։ Տուժել էր նաև ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։ Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել 2010 թվականին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հետախույզների փոխանակումից հետո։ Այն ժամանակ Ռուսաստանին փոխանցել էին տասը մարդու, այդ թվում` Աննա Չապմանին։