Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից. լուսանկար

Կեմերովոյի մարզպետի տեղակալը ծնկի է եկել ցույցի ժամանակ և ներողություն խնդրել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի ողբերգության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Կեմերովոյի մարզի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը ծնկաչոք ներողություն է խնդրել Կեմերովոյի հրապարակում հավաքված մարդկանցից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ցույցի մեկնարկից յոթ ժամ անց վարչակազմի ներկայացուցիչները մարդկանց առաջարկել են ցրվել, բայց այդ առաջարկն ընդունվել է դժգոհության աղաղակներով։ Դրանից հետո անջատվել է ձայնը ուժեղացնող սարքը։ Ցիվիլևը փորձել է խոսել բարձրախոսով, բայց նկատելով, որ այն չի աշխատում, առանց բարձրախոսի դիմել է մարդկանց։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզնից»,- ասել է նա և բոլորի համար անսպասելի ծնկի է իջել։

10 վայրկյան անց նա կանգնել է ու բացատրել. «Հնուց ի վեր Ռուսաստանում ծնկի էին գալիս ներողություն խնդրելու համար»։ Մարդիկ սկսել են ծափահարել։

Вице-губернатор Кемеровской области Сергей Цивилев на коленях попросил у кемеровчан прощения за "Зимнюю вишню"

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։

Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։ Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։