«Ուրիշի երեխաներ չեն լինում, բոլորն էլ մերն են». հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել

Այսօր ցույց է անցկացվում Կեմերովոյում, որտեղ մարտի 25-ին առևտրի կենտրոնում բռնկած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք էր խլել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհից հետո մի քանի հազար մարդ ցույց են կազմակերպել քաղաքապետարանի շենքի մոտ, հայտնում է news.ngs.ru-ն։

Պուտինը հանցավոր անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը

Մարդիկ պահանջում են քաղաքապետ Իլյա Սերդյուկի և Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևի հրաժարականը։

Մարդի բղավում են. «Խայտառակություն»։ «Ո՞վ է պատասխան տալու», «Ճշմարտություն, ճշմարտություն», «Բոլորին դատել»։

Հավաքվածները պահանջում են ասել մեղավորների անունները և նշել զոհերի հստակ թիվը։ Մինչև հիմա մի շարք մարդիկ անհետ կորած են համարվում։

Ցույցի մասնակիցները վրդովվել են, երբ ներկաներին ասել են` թող ձեռք բարձրացնեն բոլոր նրանք, ովքեր ողբերգության հետևանքով հարազատ են կորցրել։ «Ուրիշների երեխաներ չեն լինում, բոլորն էլ մեր երեխաներն են», — աղաղակել են մարդիկ։

Կառավարության շենքի մոտ ոստիկաններ են կանգնած։

Մարտի 27-ի առավոտյան Կեմերովո է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը ծաղիկներ է դրել առևտրի կենտրոնի մոտ, խորհրդակցություն անցկացրել և այցելել հիվանդանոցում գտնվող տուժածներին։ Նա նաև չնախատեսված հանդիպում է ունեցել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ, որոնք անվստահություն են հայտնում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքների հետաքննության ընթացքի վերաբերյալ։

Պուտինը ողբերգության վայր է մեկնել

«Ինչպես եք նման որոշումներ կայացնելու թույլտվություն տվել այս շենքի վերաբերյալ», — նախագահը դիմել է քաղաքի ղեկավարին։ Նա էլ պատասխանել է, որ շենքը շահագործման հանձնելու որոշումը կայացվել է 2014 թվականին, երբ նա դեռ այդ պաշտոնը չէր զբաղեցնում։ Միևնույն ժամանակ խոստովանել է, որ շենքում վերջին անգամ ստուգումներ են իրականացվել 2016 թվականին։

«Երկու տարի ստուգումներ չեն անցկացվել, թեև անվտանգությունը պետք է ապահովված լիներ», — զայրացել է երկրի ղեկավարը։

Նախագահը հավաքված քաղաքացիներին վստահեցրել է, որ ողբերգությունը մանրակրկիտ ուսումնասիրվելու է։

«Այժմ այստեղ աշխատում է հարյուր հոգանոց քննչական խումբը։ Խմբի աշխատանքը գլխավորում է Քննչական կոմիտեի (ՌԴ) ղեկավարը։ Նույնիսկ չկասկածեք, բոլոր մեղավորները կպատժվեն», — ասել է Պուտինը։

Մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով արդեն առնվազն 64 մարդ է զոհվել, զոհերի քանակը, ամենայն հավանականությամբ, միայն աճելու է։ Որպես հավանական վարկած են նշում հրկիզումը, սակայն ողբերգության հիմնական մեղավորները առևտրի կենտրոնի տերերն ու աշխատակիցներն են, որոնք անփութություն են դրսևորել և մարդկանց անվտանգությունը չեն ապահովել։