Հայաստանի և ԵՄ–ի վիզաների ազատականացումը ճիշտ ուղու վերջում է լինելու. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Հայաստանը զգալի ուժեր է գործադրում իրավական պետություն ստեղծելու հարցում, կարծում է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում, և կգա մի օր, երբ ԵՄ-ն Երևանի հետ կպարզեցնի վիզայի ռեժիմը, Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

Նաև հայ միգրանտներից է կախված Եվրոպայի հետ վիզայի ազատականացման ռեժիմը. Քոչարյան

Նրա խոսքով` Հայաստանը զգալի ջանքեր է գործադրում իրավական պետություն ստեղծելու ճանապարհին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

«Իհարկե, դեռ շատ բան է պետք անել, բայց կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Եթե շարունակի գնալ այդ ճանապարհով, ապա կգա մի օր, երբ վիզայի ռեժիմը կպարզեցվի», — ասաց Ասելբորնը։

Նրա խոսքով` Լյուքսեմբուրգը միշտ կողմ է եղել, որ Եվրոպա այցելելու ցանկություն ունեցողներն ունենան այդ հնարավորությունը։ Մյուս կողմից` որոշակի մտավախություն կա` կապված բալկանյան երկրների փորձի հետ, երբ մարդիկ վիզաներն օգտագործում էին եվրոպական երկիր մեկնելու և միջազգային պաշտպանություն ստանալու համար։

Նա նշեց, որ նման հարցերը մեկ օրում չեն լուծվում, բայց ԵՄ-ն դրական է տրամադրված այդ հարցում։

«Մի օր մենք կհասնենք դրան», — ասաց Ժան Ասելբորնը։

Հիշեցնենք, որ 2014 թվականից ԵՄ կարճաժամկետ վիզաների տրամադրման հարցում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Վիզայի տուրքերը նվազել են`60 եվրոյից հասնելով 35-ի, իսկ քաղաքացիների որոշակի խմբի համար (գիտնականներ, ուսանողներ, ստեղծագործական կոլեկտիվներ և այլն) ընդհանրապես չեղյալ են հայտարարվել։ ԵՄ քաղաքացիները 2013 թվականից Հայաստան են այցելում առանց վիզայի։