Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «Մերսեդեսը», 8 տուժած կա

«Գազելի» վարորդը հաշմանդամ է և վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է ավտոմեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած «ԳԱԶ» 32213 մակնիշի 0859 Տ համարանիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած «Մերսեդես» մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` վթարի հետևանքով 8 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ «Գազելը» սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, և նա իրավունք չի ունեցել մարդատար «Գազել» վարելու, քանի որ պարզվել է` նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է ավտոմեքենան։

Վարորդը նաև ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, որը ստեղծել է վթարային իրավիճակ։