Ավտոմեքենան մաքրելուց բացի, «մաքրել է» նաև ավտոմեքենայի տիրոջ գրպանները

Ավտոլվացման կետի աշխատակիցը վերցրել է ավտոմեքենայի տիրոջ բանկային քարտն ու համակարգչով գողություն արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակիցը գողությունից մեկ տարի անց հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննությունը պարզել է, որ 2017թ. հունվարի 7-ին քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու։ Ավտոլվացման կետի աշխատակիցը, ավտոմեքենան մաքրելուց զատ, «մաքրել է» նաև մեքենայում եղած կանխիկ գումարը, բանկային քարտն ու հեռախոսային համարի քարտը:

Պարզվել է նաև, որ երիտասարդը, ավտոմեքենայից գողացած բանկային քարտի տվյալներն օգտագործելով, համակարգչային տեխնիկայի միջոցով քարտային հաշվից զգալի չափերի փոխանցումներ է արել իր խաղային հաշիվներին։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: