Կարճ շրջազգեստը հաջողության երաշխիք չէ. ինչպե՞ս աշխարհին մատուցել հայկական թատրոնը

Բեմի խաղը պետք է տպավորի, մեծ ազդեցություն գործի, հարցեր առաջացնի, որ հանդիսատեսը փորձի գտնել դրանց պատասխանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Պարտադիր չէ ժամանակակից հանդիսատեսին թատրոն բերել դերասանուհիների կարճ կիսաշրջազգեստների միջոցով։ Նրանց կարելի է գրավել որակյալ, խորը, մտածված խաղով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Այսօր` մարտի 27-ին, նշվում է Թատրոնի միջազգային օրը` թատերական հաստատությունների բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնը։

«Գիքորը» վշտացնում էր երեխաներին, թատրոնը ստիպված էր հրաժարվել Թումանյանի պատմվածքից

«Թատրոնը հանդիսատեսին էներգետիկ ազդակներ է փոխանցում։ Բեմի խաղը պետք է ազդեցություն գործի մարդու վրա, առաջացնի մի շարք հարցեր, որոնց պատասխանները ներկայացումից հետո նա փորձի փնտրել ինքնավերլուծության միջոցով։ Մեր թատրոնը չի ղեկավարվում «որքան ավելի կարճ է կիսաշրջազգետը, այնքան ավելի մեծ է տոմսերի վաճառքը» սկզբունքով», – ասաց Դադայանը։

Նա նաև նշեց, որ թատրոնի դերասանները տրիկոյով են ելույթ ունենում, ու ոմանք դա կարող են դիտել որպես էրոտիկ ակնարկ, բայց իրենց թատրոնի համար ամենակարևորը որակն է։ Մնջախաղի դերասանները ի տարբերություն ուրիշների, պետք է ամեն օր երկու ժամ տրամադրեն մարզումներին, որ լավ մարզական վիճակում լինեն։ Հակառակ դեպքում նրանք պարզապես չեն կարողանա բեմ դուրս գալ, ու դա կանդրադառնա նրանց աշխատանքի վրա։

Դադասյանը կոչ է անում հայ թատերական գործիչներին դուրս գալ իրենց իսկ սահմանած շրջանակից, լինել ավելի բաց աշխարհում կատարվող նոր միտումների ու փոփոխությունների հանդեպ։ Միայն այս դեպքում հայկական թատրոնը կարող է լինել մրցունակ ու իր տեղը զբաղեցնել միջազգային ասպարեզում։

«Եթե ներկայացումը տաղանդավոր ու որակով է բեմադրված, այն կարող է գրավել համաշխարհային հանդիսատեսին նույնիսկ հայերենով», – համոզված է Դադասյանը։

Նա օրինակ բերեց Վահրամ Զարյանին, որը աշխատասիրության շնորհիվ ֆրանսերեն սովորեց ու ընդունվեց ֆրանսիացի մնջախաղաց Մարսել Մարսոյի դպրոց։ Այսօր Զարյանը Ֆրանսիայի մնջախաղի դերասանների լավագույն տասնյակում է։