ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի 4–րդ նախագահը կմնա առանց ինքնաթիռի։ Նախագահական ինքնաթիռը հետ կվերցնեն նախագահականի հաշվեկշռից ու կտեղափոխեն կառավարության հաշվեկշիռ։
Նման որոշում ՀՀ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կընդունի առաջիկա նիստում` մարտի 29-ին։ Որոշման նախագծին արդեն ներառված է նիստի օրակարգում։
Նախագծի համաձայն` նախագահի ինքնաթիռը կհանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
Որոշումը բխում է վերջերս ԱԺ ընդունած «Բարձրաստիճան անձանց գործունեության ապահովման, սպասարկման սոցիալական երաշխիքների մասին օրենքի» տրամաբանությունից, որով նախատեսվում է, որ ՀՀ նախագահն այսուհետ ծառայողական ինքնաթիռ չի ունենալու, իսկ վարչապետն ունենալու է։ Ընդ որում` ունենալու է ոչ միայն «հատուկ սարքավորված ինքնաթիռ», այլև ուղղաթիռ:
«Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանվող «Էյրբաս Ա-319-132» ինքնաթիռի արժեքը որոշման նախագծում նշված է 17 442 220 388 դրամ։ Այն արտադրվել է 1998թ–ին։