Ողբերգական ավտովթար Գավառում. 10–ամյա երեխան տեղում մահացել է

Ավտովթարից տուժած վարորդը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 2008 թ. ծնված Հրաչ Հախոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 1977 թ. ծնված Վարդան Հախոյանը Գավառի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել տասնամյա տղայի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: