Սյունիքի մարզի ոստիկանները ծեծել են քաղաքացիներին ու կեղծ ցուցմունքներ են կորզել

Սյունիքի մարզի ոստիկանները խոշտանգել են կասկածյալներին ու վկաներին` նրանցից կեղծ ցուցմունք կորզելու համար։ ՀՔԾ-ն բացահայտումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ոստիկանները խոշտանգել են քաղաքացիներին։ Նման բացահայտում են արել ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները։ Բացահայտված փաստերով քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության մի քանի աշխատակիցների նկատմամբ։

Սյունիքի մարզի բնակիչ Ա. Զ.-ն ՀՔԾ քննիչներին հայտնել է, որ մեկ տարի առաջ` 2017թ. փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն իրեն տարել են ոստիկանություն և տևական ժամանակ պահելով այնտեղ` հարվածել մարմնի տարբեր մասերին: Այսպիսով իրեն ստիպել են մեկ այլ գործով կեղծ ցուցմունք տալ։

Շամիրամի ողբերգությունը բացահայտվեց. ո՞րն էր սգո սրահում հնչած կրակոցների պատճառը

Ոստիկանության ձեռքից հնարավորինս շուտ ազատվելու համար Ա. Զ.-ն հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, թե իբր ականատես է եղել ինչպես է մեկ ուրիշ կասկածյալ փայտով հարվածել գործով տուժող ճանաչվածի գլխին, թեև իրականում նման դեպքի ականատես չի եղել:

Մեկ այլ դեպքով էլ Սյունիքի ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն ապօրինի որսի կասկածանքով Քաջարանի բաժանմունք բերման են ենթարկել նույն մարզի բնակիչներ Լ. Ծ.-ին և Է. Օ.-ին, որոնց ապօրինի պահել են 5 օր:

Նույն գործով տրանսպորտային միջոցի զննության արձանագրության մեջ ոստիկանության աշխատակիցները նշել են, թե այդ գործընթացին մասնակցել է նաև Է. Օ.-ն, մինչդեռ իրականում, պարզվել է, նա այնտեղ չի եղել։

ՀՔԾ-ն հայտնում է, որ բոլոր այս գործերով հարուցված են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն: