Սրբուհին ֆուրոր է արել ուկրաինական «Ձայնը» շոուում. տեսանյութ

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը հիասքանչ ելույթ է ունեցել «Նոկաուտներ» փուլում և պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ուկրաինական «Ձայնը» մրցույթի «Նոկաուտներ» փուլում տաղանդավոր երգչուհի Սրբուհի Սարգսյանը մարտի 25-ին զուգերգով հանդես է եկել ոչ պակաս տաղանդավոր Ալինա Ռուսաևայի հետ։

Միրիամը կրկին ապշեցրեց. հայուհին «Ձայնը» նախագծում հուզել է Լարա Ֆաբիանին և հանդիսատեսին

Աղջիկները երգել են Իրինա Բիլիկի «Ти Мій» երգը, և հաջորդ փուլ է անցել Սրբուհին։

Դեռ ելույթից առաջ նա խոստովանել է. «Շատ եմ ուզում հաղթանակ բերել Հայաստանին։ Շատ եմ ուզում»։

Պետք է նշել, որ երկու աղջիկներն էլ շատ լավ են երգել, և նրանց ելույթը դուր է եկել ժյուրիի անդամներին։

«Ես ձեզ հավատացի, շնորհակալություն… Ինձ ավելի մոտ է Սրբուհին»,- ասել է ժյուրիի անդամ Ջամալան։

Թինա Կարոլն էլ գովասանքի խոսքերը չի խնայել։

«Ես առաջին անգամ «Ձայնում» լսեցի կանացի այսքան ուժեղ վոկալ։ Սրբուհի, խոսքս ձեր մասին է։ Դուք ինձ համար կատարողի օրինակ եք»,- ասել է երգչուհին։

Երբ եկել է նրանցից մեկին ընտրելու վճռորոշ պահը, մարզիչ Պոտապն ասել է. «Աղջիկներ, ամենագլխավոր խնդիրը լուծված է, մրջյունները մինչև հիմա վազում են մաշկիս վրայով։ Այնքան անկեղծ էր, իսկապես, աչքերումս արցունքներ էին հայտնվել։ Դժվար է ընտրություն անել, բայց հաջորդ փուլ է անցնում Սրբուհին»։

Աղջկա ուրախությանը, բնականաբար, չափ չկար։