Սիրիահայ համայնքին սպառնացող վտանգը գնահատել է փորձագետը

Թուրքական բանակի ճանապարհին ընկած բնակավայրերից մեկը` Սիրիայի Ղամիշի քաղաքը, մոտ է Իրաքի սահմանին։ Քաղաքում մի քանի հազարանոց հայ համայնք է ապրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Թուրքական բանակի հետագա գրոհը Սիրիայի հյուսիսում սպառնալիքի տակ կդնի այդ երկրի հայ համայնքին։ Երկուշաբթի հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Թուրքիայի իշխանությունը հայտարարում է, որ Սիրիայի Աֆրինը գրավելուց հետո մտադիր չէ բավարարվել ձեռք բերածով և կշարունակի գնալ արևելք` ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման։

Թուրքական բանակի ճանապարհին ընկած բնակավայրերից մեկը` Սիրիայի Ղամիշլի քաղաքը, մոտ է Իրանի հետ սահմանին։ Քաղաքում բնակվում է հայ համայնք, որի թիվը, Մանոյանի խոսքով, հայտնի չէ, բայց խոսքը մի քանի հազար հոգու մասին է։

«Եթե Էրդողանը կյանքի կոչի իր ծրագրերը, ապա հայ համայնքը լուրջ սպառնալիքի տակ կհայտնվի։ Սակայն ես չեմ կարծում, որ առաջատար խաղացողները, միջսիրիական հակամարտության միջնորդները թույլ կտան Թուրքիայի նախագահին իրագործել իր մտահաղացումները։ Ինձ թվում է, որ Աֆրինը դարձել է այն «կարմիր գիծը», որը կարգելեն հատել Էրդողանին», — նշեց Մանոյանը։

Մանոյանի կարծիքով` Թուրքիայի նախագահը կարողացել է ներխուժել Աֆրին և «մարսել» այդ ագրեսիան ԱՄՆ-ի գաղտնի աջակցության և Եվրամիության գրեթե լուռ արձագանքի շնորհիվ։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի կարևոր դաշնակիցը։ Չնայած նրանց միջև որոշ հակասություններին` նրանք պետք են միմյանց։ Բրյուսելն ամեն դեպքում լռել է, քանի որ Էրդողանը ցանկացած պահի կարող է բացել միգրացիոն «ծորակը», որից հետո հարյուր հազարավոր միգրանտներ Թուրքիայի տարածքից կլցվեն Եվրոպա», — հայտարարեց Մանոյանը։

Անկարան հմտորեն խաղում է ձեռքի տակ ունեցած հաղթաթղթերով, սակայն պետք է հաշվի առնել, որ նրա դիվանագիտական հնարավորություններն անսահման չեն։

Անդրադառնալով թուրքերի ներխուժմանը Իրաքի Սինջար, ինչի մասին ավելի վաղ խոսել է Էրդողանը` ելույթ ունենալով Տրապիզոնում, ապա, Մանոյանի խոսքով, թուրքական ագրեսիան կհանդիպի ինչպես Բաղդադի կենտրոնական կառավարության կտրուկ արձագանքին, այնպես էլ Իրաքի Քրդստանի ղեկավարության։ Նա ենթադրում է, որ Թուրքիայի գործողությունները կհանգեցնեն Բաղդադի և Էրբիլի համախմբմանը։ Ինչպես հայտնի է, նրանց հարաբերությունները լարվել են 2017թ-ի սեպտեմբերին անկախության մասին քրդական հանրաքվեից հետո։