Ռուսաստանը հետևություններ է արել ապրիլյան պատերազմից

Երևանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցանկացած սպառնալիք կընդունի որպես սեփական սպառնալիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանը համապատասխան հետևություններ է արել 2016թ-ին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան թեժացումից։ Այդ մասին երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովում կայացած ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնած զենքը կիրառելու այլ միջոց չի գտել, քան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտելը։ Մենք դրանից անհրաժեշտ հետևություններ ենք արել», — ասաց նա։

Հետևություններից մեկը դարձել է Մոսկվայի կողմից Հայաստանին գերժամանակակից սպառազինություն առաքելը, ընդ որում բոլորովին այլ պայմաններով, քան Ադրբեջանի դեպքում։ Զատուլինն ավելացրեց նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պատմական կապերի զարգացման կողմնակից է, և այդ մոտեցմանն է հարում Պետդումայի պատգամավորների մեծամասնությունը։

Նրա խոսքով` Ռուսաստանը հետագայում ևս կկատարի իր պարտավորությունները Հայաստանի անվտանգության և պաշտպանության ապահովման հարցում։ Ռուսական կողմը վավերացրել է միացյալ զորախմբի և հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասին համաձայնագրերը։ Զատուլինը հիշեցրեց նաև, որ Երևանը ՀԱՊԿ անդամ է, և դրա շրջանակում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցանկացած սպառնալիք կընդունի որպես սեփականը։