Կեմերովոյի հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կա՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է ԱԳՆ–ն

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկություն է տարածել ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տուժածների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր twitter-յան էջում անդրադարձել է երեկ ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհին։

«Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան»,- գրել է Բալայանը` վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալները, որոնք հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում։

​Ավելի վաղ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նախարարությունը ճշտում է հայերի ու հայաստանցիների մասին տվյալները։

Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում երեկ բռնկած հրդեհի պատճառով անհետ կորած տասնյակ մարդիկ կան, այդ թվում` երեխաներ։ Վերջին տվյալներով` մահացածների թիվը հասնում է 64-ի, որից 9-ը երեխաներ են։