Կարեն Կարապետյանը ցավակցել է ՌԴ վարչապետին

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ խորապես ցնցված է Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:

Ինչպես է հրդեհ բռնկել Կեմերովոյի առևտրի կենտրոնում. տեսանյութ

«Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշված է ցավակցական հեռագրում։

Մարտի 25-ին Կեմերովոյի կենտրոնում հրդեհվել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը։ Վտանգի ազդարարման համակարգը չի գործել, և այցելուներից շատերը գերի են մնացել առևտրի կենտրոնում։ Հրշեջները կարողացել են շենք մտնել հրդեհի բռնկումից 12 ժամ անց։

Անհետ կորածների մեջ տասնյակ մարդիկ կան, այդ թվում` երեխաներ։ Վերջին տվյալով` մահացածների թիվը հասնում է 64-ի, որոնցից ինը երեխաներ են։