Դիլիջանի ծառահատումների համար պատասխան կտան ներկայիս և նախկին ղեկավարները

Ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ, ավելին` փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբը ստեղծվել է դեռ չորս տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Արտակ Մանուչարյանին և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է Հ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը, իսկ Ա.Մանուչարյանի մասով՝ ոչ։

Քամալյան. «Տեսչական մարմնի գործունեության արդյունքում ծառահատումների լուրջ նվազում կա»

Նշենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբը ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, որոնք քրեական գործով մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Նախնական տվյալով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միայն «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառածածկ տարածքներում երեք տարիների ընթացքում հատվել է ավելի քան 7000 ծառ, որով պետությանը պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 1 մլրդ 222 մլն դրամ։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս առանձին պաշտոնատար անձինք իրենց ծառայողական պարտականությունների կատարման հարցում դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ինչը ծանր հետևանքներ է առաջացրել։

Կատարված ծառահատումները հայտնաբերվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված ստուգմամբ։

Քրեական գործի շրջանակում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, ևս մեկի՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: