Բռնաբարության փորձի համար դատապարտվածը դանակահարել է ոստիկանին. տեսանյութ

Պարզվել է, որ դանակահարողը նախկինում դատապարտվել է մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնաբարության փորձ իրականացնելու և ավազակային հարձակման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարտի 19-ին, ժամը 11.35-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին և առաջնային պատերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ նրանցից մեկը ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան է: Մարտի 19-ին Վանցյան փողոցի մթերային խանութներից մեկում վիճաբանություն է եղել, որի ժամանակ էլ ոմն Տարոն դանակահարել է երկու քաղաքացու:

Ըստ նախնական վարկածի` հարբած տղամարդը վիճաբանել է խանութի վաճառողուհու հետ: Այդ պահին խանութ են մտել երկու երիտասարդ: Թեև ոստիկանը ծառայության մեջ չի եղել, սակայն նա միջամտել է և դուրս հրավիրել հարբածին: Արդեն դրսում հարբած տղամարդը դանակով հարվածել է երիտասարդներին ու փախել:

Մի քանի ժամ անց նրան գտել են: Պարզվել է, որ նա նախկինում մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնաբարության փորձ իրականացնելու և ավազակային հարձակման համար դատապարտված ալավերդցի Տարոն Պ.-ն է: Նա կալանավորվել է: