Նրբերշիկով ձվածեղից երեխաները թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց

Այս պահին երեխաների առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, և նրանք արդեն տանն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 24-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեխաներ: Այս մասին առավոտյան տեղեկացրել էր shamshyan.com կայքը։

Երևանում ղրղզ պարուհին փորձել է դեղահաբեր խմելով ինքնասպանություն գործել

Sputnik Արմենիայի թղթակիցին հաջողվեց Վանաձոր բժշկական կենտրոնից պարզել, որ երեխաները հիվանդանոց են ընդունվել երեկ առավոտյան ժամը 11։00-ին`անհայտ ծագման սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ։ Իրենց են դիմել թունավորված երեք երեխաներ` Վանաձոր քաղաքի բնակիչներ 10-ամյա Սերյոժա Գ.-ն, 8-ամյա Լուսինե Գ.-ն և Լոռու մարզի Ջրարշեն գյուղի բնակիչ 14-ամյա Մոնիկա Զ.-ն։

«Երեխաների մոտ սուր փորացավ է եղել, սրտխառնոց և ընդհանուր թուլություն։ Նրանք սոմատիկ ընդհանուր բաժանմունքում համապատասխան բուժում են ստացել և տուն վերադարձել»,- ասաց հիվանդանոցի աշխատակցուհին։

Երեխաներն այժմ տանն են, և դեռ հիվանդանոց դիմելու երկրորդ դեպք չի գրանցվել։ Աշխատակցուհին չկարողացավ հստակ նշել, թե ինչը կարող էր թունավորման պատճառ լինել, սակայն ակնհայտ է, որ այն սննդային է եղել։

Ի դեպ, shamshyan.com կայքի տվյալներով` երեխաները թունավորվել են Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա Մելինե Ա.-ի տանը նրա պատրաստված նրբերշիկով ձվածեղն ուտելու հետևանքով:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: