Քամու վտանգը չի նվազում. օդերևութաբանները հորդորում են զգոն լինել

Վտանգավոր ուժգնության քամիներին կգումարվի օդի ջերմաստիճանի նվազումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մարտի 25-ին շրջանների զգալի մասում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը:

«Մարտի 25-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում մարտի 25-ին նույնպես կարճատև անձրև կտեղա: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 20-22, գիշերային ժամերին` 8-10 աստիճան տաքություն։

«Հիդրոմետ» ծառայությունը կրկին հիշեցնում է, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ, և այս երևույթի հետևանքով ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում վտանգավոր ուժգնության քամիներ կլինեն։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զգոն լինել։