Բաքվի հայի «ամերիկյան երազանքը», կամ ինչպես ԱՄՆ-ը ճանաչեց հայկական քանդակադրոշմը

ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը (NEA) նախորդ տարվա սեպտեմբերին պարգևատրել է հայկական քանդակադրոշմի վարպետ Նորիկ Աստվածատուրովին։ Այն մասին, թե ինչպես է հայկական քանդակադրոշմը դարձել ամերիկյան արվեստի մի մաս, և Ադրբեջանում պատվերների մասին արվեստագետը պատմել է «Հաջողության գաղտնիքը» հեղինակային նախագծի շրջանակում։
Sputnik

Քանդակադրոշման հայկական դպրոցի ներկայացուցիչ Նորիկ Աստվածատուրովն արդեն 25 տարի է` ապրում է Ամերիկայում, որտեղ բազմիցս հեղինակավոր մրցանակների է արժանացել։ Իսկ նախորդ տարի նրան պարգևատրել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը։

Նորիկը ծնունդով Բաքվից է, Ադրբեջանում հայերի ջարդերի ժամանակ նա ընտանիքի հետ փախել է Հայաստան, հետո՝ ԱՄՆ։ Նշենք, որ նա հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Տերկոտի՝ «Գաղթ դեպի անհայտություն» գրքի հեղինակի հայրն է։ Աստվածատուրյան-Տերկոտը քարոզում է աջակցությունը Արցախին, նաև բարձրացնում է Ադրբեջանում հայատյացության խնդիրը։ Չնայած բազմաթիվ խոչընդոտների, որոնք Նորիկը հանդիպել է կյանքի ընթացքում, նա չի կորցրել ոչ միայն հումորի զգացումը, այլև կեսուրախությունը։

Այն մասին, թե ինչպես է նա հասել իր «ամերիկյան երազանքին» ու ինչ նշանակություն ունի այն արվեստագետի համար, նա պատմել է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

Мастер по чеканке Норик Аствацатуров

-Նորիկ, որքան գիտեմ, հեշտ չէ Ամերիկայի Ազգային հիմնադրամի մրցանակին արժանանալ․․․

— Այո, NEA-ն տարեկան ազգային արվեստով զբաղվող ութ-ինը մարդու է պարգևատրում։ Իսկապես դժվար է այդ մրցանակը ստանալ։ Ընդ որում՝ չես կարող ինքդ հայտ նեկայացնել, ինչ-որ մեկը պետք է դա քո փոխարեն անի։ Որպես կանոն՝ մարդիկ տարիներով սպասում են, ինձ համար զարմանալի էր, որ ընդամենը մեկ տարի անց ստացա մրցանակը։ Անկեղծ ասած, շատ ուրախացա, հիմա հայկական քանդակադրոշմը ամերիկյան արվեստի մի մասն է։

-Ե՞րբ եք սկսել զբաղվել դրանով։

— Մանկուց։ Դեռ պատանի էի, երբ քանդակում էի փայտի, քարի վրա, հետո արդեն սկսեցի մետաղով աշխատել։ Հիշում եմ, երբ հայրս Հայաստան էր գնում, խնդրեցի այնտեղից քար բերել, իսկ նա տուֆի փոխարեն բազալտ էր բերել, իսկ բազալտի վրա շատ դժար է աշխատել (ծիծաղում է)։

Հետո աշխատանքի անցա մի գովազդային ընկերությունում, որտեղ քանդակադրոշմով զբաղվում էր Վովա անունով մի հայ։ Նա ավելի պրոֆեսիոնալ էր աշխատում, ես սկսեցի հետևել նրան։ Մոտ տասը տարի աշխատեցի այդ հաստատությունում, հետո մյուսում՝ նույնքան։ Հասարակական կազմակերպությունների շենքներ էինք ձևավորում, դրանց շարքում բավականին մոնումենտալ աշխատանքներ կային։

-Այսինքն, դա ձեր մասնագիտությունն էր․․․

— Այո, ես դրանով ապրուստի գումար էի վաստակում, նույնիսկ Ադրբեջտանի ներքին գործերի նախարարության համար էի պատվերներ կատարում։ Ի դեպ՝ Լենքորանում հերոս Բաբեկին էին պատվիրել (816-ից գլխավորել է խուրամյանների հակաարաբական ապստամբությունը Ադրբեջանում — խմբ․)։ Նրան ադրբեջանցի նկարիչ էր նկարել, իսկ ես՝ քանդակադրոշմել։ Երբ աշխատանքը պատրաստ էր, պետական մարմինների ներկայացուցիչներն եկան։ Այն ժամանակ նրանցից ավագը նայեց ձիով հերոսի պատկերին ու ասած․ «Ո՞վ է սա արել։ Մերոնց նման չէ, հայի է նման»։ Իսկ ես ասացի․ «Ադրբեջանցին է նկարել․ ինչպե՞ս նա կարող է հայի նման լինել» (ծիծաղում է)։

Ես չէի կարող իմ հաստատությունում անել այն գործերը, որոնք ինձ հաճույք էին պատճառում, դրա համար տանը ինքս ինձ համար քանդակադրոշմում էի հայկական, քրիստոնեական թեմաներով, թեև դա վտանգավոր էր։ Այնտեղ ազգության ու կրոնի հարցը շատ սուր էր։

Работа мастера Норика Аствацатурова
-Դուք ընտանիքով հայտնվել էիք ԱՄՆ-ում որպես Ադրբեջանից փախստականներ։ Ինչպիսի՞ն էր կյանքը Բաքվում մինչ ջարդերը։

— Դա կարելի է փոխադարձ մեկուսացում կոչել․ իրենք իրենց կյանքով էին ապրում, մենք՝ մեր։ Երբ պետությունը դեռ հսկողություն էր իրականացնում, նրանք վախենում էին մեր թաղամաս գալ։ Մենք գիտեինք, որ ադրբեջանցիները մեզ չեն սիրում, դրա համար միշտ փորձում էինք ապացուցել, որ ավելի լավն ենք, ավելի շատ բան գիտենք, ամեն ինչ ավելի որակյալ ենք անում։ Եվ նրանք գնահատում էին հայ վարպետներին, մանկավարժներին, բժիշկներին, քանի որ իրենք շատ թույլ էին այդ ոլորտներում։

Այն ժամանակ Բաքուն բազմազգ էր, այնտեղ ապրում էին և՛ ռուսներ, և՛ հույներ, և՛ հրեաներ, և՛ հայեր, և՛ գերմանացիներ։ 60-70 թվականներին այդ քաղաքում ադրբեջանցիները 30%-ից պակաս էին։ Հետո արդեն նրանք հետզհետե սկսեցին ադրբեջանցիներին բարձր պաշտոններ տալ։ Աշխատանքի որակն ընկավ, իսկ օտարերկյա ղեկավարների քանակը պակասեց։

-Ամերիկա տեղափոխվելուց հետո ձեզ համար, եթե չեմ սխալվում, բավականին դժվար էր․ պետք էր նոր լեզու սովորել, ընտանիք պահել․․․ Ինչպես էիք հաջողացնում զբաղվել քանդակադրոշմով։

— Այո, ես գործարանում շաբաթական 50-60 ժամ էի աշխատում, իսկ գիշերները չէի քնում՝ անգլերեն էի սովորում, քանի որ դպրոցում գերմաներեն էի սովորել։ Կյանքիս ընթացքում բազմիցս ստիպված էի լեզուներ փոխել։

Փոքր ժամանակ հայերեն էի խոսում։ Ռուսերեն չգիտեի, քանի որ ապրում էի Արմենիքենդում (Բաքվի հայկական թաղամասը — խմբ․), որտեղ միայն հայեր էին ապրում։ Երբ սկսեցին փակել հայկական դպրոցները, նախկինում Ադրբեջանում դրանք գործում էին, ծնողներս ինձ ռուսական դպրոց տվեցին։ Հետո Ամերիկա տեղափոխվեցի ու ստիպված էի զրոյից անգլերեն սովորել։ Մի խոսքով՝ որոշ լեզուներ գլխումս արդեն խառնվել են (ժպտում է)։

Հոլիվուդի լեգենդը. ինչո՞ւ է օսկարակիր Այրին Շարաֆը թաքցրել իր հայկական ծագումը

Իսկ քանդակադրոշմով այստեղ սկսեցի ավելի շատ զբաղվել, թեև ավելի քիչ ժամանակ ունեի։ Հանգստյան օրերս դրան էի նվիրում։ Աշխատում է զրո հարկի արհեստանոցում։ ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին օրը խնդրեցի Հյուսիսային Դակոտայի Մեթոդիստական եկեղեցուն ինձ մի փոքր մետաղ տալ։ Ոչ շատ որակյալ բարակ մետաղ բերեցին՝ ալյումին։ Առաջին աշխատանքս՝ ազգային նախշերով հայկական խաչը, որպես երախտագիտություն նվիրեցի եկեղեցուն։ Այդ աշխատանքը մինչև այժմ զարդարում է եկեղեցու պատերից մեկը։

-Այսինքն միաժամանակ աշխատում էիք ու ձեզ համար քանդակադրոշմում։ Թե վաճառքի էիք հանում ձեր աշխատանքները։

— Ոչ, չէի վաճառում։ Բանն այն է, որ դա բավականին աշխատատար է (որոշ նմուշների վրա հազար ժամ եմ անցկացրել), ինչը բավականին մեծ գումար արժե։ Որոշեցի՝ ավելի լավ է երեխաներիս ժառանգություն թողնեմ, քան ցածր գնով վաճառեմ։ Եթե մարդիկ ուզում էին գնել, համաձայնում էի, բայց պատկերասրահներին վաճառքի չէի հանձնում, թեև նրանք հաճախ էին խնդրում։ Նրանց ավելի էժան էր պետք, քանի որ գնի 30%-ն իրենց են պահում։ Բայց պատվերներ ընդունում եմ։ Հարևան նահանգից բաքվեցի մի կին ինձ մոտ երեք աշխատանք է պատվիրել։

Սակայն իմ աշխատանքները հաճախ են ցուցադվել տարբեր տարածաշրջանային ու ազգային մակարդակի ցուցահանդեսներում, հաղթել եմ բավականին մեծ մրցույթներում` Տեխասում, Հյուսիսային Դակոտայում, Բուֆի հիմնադրամի մրցանակակիր եմ։ Այնպես որ, տաշած քարը գետնին չի մնում (ժպտում է)։ Ամերիկան բարդ երկիր է, եթե ուզում ես մի բանի հասնել, երեխաներին ոտքի հանել, պետք է մի բան անես։ Այսպես էլ ապրում եմ։

-Այնուամենայնիվ դուք հաղթահարեցիք փախստականի կարգավիճակը ԱՄՆ-ում ու շատ բանի հասաք․․․

— Հայերը միշտ պետք է իրենց որակը պահեն, որտեղ էլ որ լինեն։

Սկզբում դպրոցում երեխաների համար դժվար էր, քանի որ նրանք տարբերվում էին ուրիշ երեխաներից։ Ես նրանց ասում էի․ «Դուք մեծ ու հին ժողովրդի ներկայացուցիչներ եք, ով ուզում է ինչ ուզում է ասի, դուք պարտավոր եք հիշել, որ պետք է միշտ ձեզ լավագույնս դրսևորեք»։ Պետք է խոստովանեմ` նրանք յուրացրին այդ դասն ու կյանքում մեծ բաների հասան։

Работа Норика Аствацатурова
-Կարելի՞ է ասել, որ ձեր «ամերիկյան երազանքն» իրականացավ։

— Իմ ու կնոջս համար առաջին տեղում միշտ երեխաներն էին։ Մենք շատ ենք աշխատել, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ բաների հասնել, քան մենք։ Այդ առումով կարող եմ հստակ ասել, որ իմ «ամերիկյան երազանքն» իրականացել է․ որդիս հիմա խոշոր ընկերությունում մենեջեր է, աղջկաս մասին դուք շատ լավ գիտեք, հինգ թոռ ունեմ, Աստված տա, ավելի շատ կունենամ (ժպտում է)։ Նրանք` երեխաները, հենց այնպիսին են, ինչպիսին ես կուզենայի տեսնել` հարգում են մեծերին, թույլ սեռին և այլն։ Դա հենց այն է, ինչին ձգտել եմ։

Նախորդ տարի երեք հիշարժան օր նշեցի` 70-ամյակս, ամուսնության 40-ամյակը ու Ամերիկա տեղափոխվելու 25-ամյակը։ Նույնիսկ Հայաստանի սփյուռքի նախարարությունից մեդալ եմ ստացել (ժպտում է)։

Այդ երկիրը շատ հնարավորություններ է տալիս։ Այո, այստեղ դոլարները ծառի վրա չեն աճում, ինչպես երբեմն թվում է մարդկանց, պետք է շատ ու քրտնաջան աշխատել, բայց ի վերջո կկարողանաս նպատակիդ հասնել։ Շատ կարևոր է նաև, որ այստեղ միշտ կարող ես հույսդ օրենքի վրա դնել։ Իսկ այն, որ ժամանակին դժվար էր, պետք չէ հիշել, բոլորի համար էլ դժվար է, նույնիսկ Թրամփի (ժպտում է)։ Հակառակը, պետք է այսօրվա օրով ապրել ու լինել կենսուրախ, սա է իմ կյանքի սկզբունքը։

-Նորիկ, դուք լույս ու դրական լիցքեր եք տարածում, ձեզ ամենայն բարիք եմ մաղթում։

— Շնորհակալություն, ինձ շատ հաճելի է զրուցել երիտասարդների հետ, ծերերի հետ չեմ սիրում, նրանք կամ իրենց հիվանդություններից են պատմում, կամ անցյալն են հիշում (ժպտում է)։ Իսկ երիտասարդները խոսում են վաղվա մասին։