Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքները` հինգ զոհ, 17 անհետ կորած

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել էր չորս զոհված երեխաների մասին, սակայն այդ տեղեկությունը չէր հաստատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Կեմերովոյին «Ձմեռային բալ» առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով հինգ մարդ է մահացել` մեկ տղամարդ, երեխա և երեք կին։ Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` ՌԴ քննչական կոմիտեի հրապարակած տվյալներին հղում անելով։

Եվս մոտ երեք տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 17 հոգի կորած է հայտարարվել, նրանց գտնելու համար որոնողական աշխատանքներ են տարվում։ Ենթադրվում է, որ նրանք հրդեհի բռնկման ժամանակ առևտրային կենտրոնի տարածքում են եղել։

Կեմերովոյում այրվում է առևտրի տունը, կան զոհված երեխաներ

Մինչև այս տվյալների հրապարակումը հայտարարվել էր չորս երեխաների մահվան մասին, սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունը շտկվեց։

Միևնույն ժամանակ տեղեկություն էր հայտնվել 25 տարբեր տեսակի մոտ երկու հարյուր կենդանիների հնարավոր վառվելու մասին։ Կենդանիները գտնվում էին առևտրի կենտրոնի երրորդ հարկում տեղակայված կենդանաբանական այգու վանդակներում։

Հիշեցնենք, որ «Ձմեռային բալ» առևտրային կենտրոնում այսօր կեսօրին հրդեհ էր բռնկվել։ Կրակը մոտ 1,5 հազար քառակուսի մետր տարածք էր կլանել։ Ականատեսները պատմում էին միջհարկային կառույցների փլուզման մասին։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ` հրդեհի ծանր հետևանքները հաշվի առնելով` քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 109, 219 և 238 հոդվածներով (անզգուշությամբ մահ պատճառելը, հրդեհային անվտանգության պահանջների խախտում, անզգուշությամբ երկու ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում)։