Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջային ծանրակշիռ երկիր դառնալու

«Զորաց քարեր»-ի, Խոր Վիրապի տարածքները կվերածվեն տուրիստական կենտրոնների: Հայաստանում կբարեկարգվեն տուրիստական վայրերը, կկառուցվեն նոր կենտրոններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Համաշխարհային բանկի և կառավարության միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում Հարավային միջանցք տուրիզմի զարգացման ռազմավարության և տեղական տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնել, որը կնպաստի պատմամշակութային, հոգևոր և ճարտարապետական հուշարձանների շրջակայքում զբոսաշրջային գոտիների և սպասարկման կառույցների ստեղծմանը, տարածքային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը:

Ամեն ինչ արվում է իրանցիներին Նովրուզի օրերին Հայաստան գրավելու համար

Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից: Հիմնադրամից նաև տեղեկացնում են, որ Գառնիում նախատեսվում է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին հարող տարածքի բարեկարգում և դեպի հուշարձան տանող ճանապարհի վերակառուցում, Գյումրիում` «Կումայրի» պատմամշակութային արգելոցային գոտու բարեկարգում, Սյունիքում` «Զորաց քարեր» բնական հուշարձանին հարող տարածքում տուրիստական կենտրոնի կառուցում, դեպի Տաթև վանական համալիր տանող ճանապարհի վերակառուցում, իսկ Արարատում` Խոր Վիրապ վանական համալիրին հարող տարածքում տուրիստական կենտրոնի կառուցում:

Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ նախատեսվում է կյանքի կոչել «Երկրորդային քաղաքներում` որպես աճի բևեռ, առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագիրը», մասնավորապես Վանաձորում, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում կիրականացվի քաղաքային միջավայրի, զբոսաշրջային և հանգստյան վայրերի բարեկարգման, ճանապարհների վերականգնման, պատմամշակութային կառույցների պահպանման և բարելավման գործընթացը: