Հայաստանն Իսրայելից սովորելու շատ բան ունի․ Էսկին

Հայաստանը կարող է հաշվի առնել Իսրայելի փորձը՝ սփյուռքի հետ աշխատելիս։ Այս կարծիքին է իսրայելցի քաղաքագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը խիստ կարևոր է Երևանի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իսրայելացի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:

Նրա խոսքով՝ հայկական արտաքին քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ դեռ բավականին պասիվ է։

«Երկու երկրները խոսելու բան ունեն, կարծում եմ՝ Հայաստանի համար Իսրայելի հետ համագործակցությունը կենսականորեն կարևոր է։ Իսրայելի օրինակով կարելի է սովորել՝ ինչպես սփյուռքի ուշադրությունը գրավել դեպի հայրենիք», — ասաց Էսկինը։

Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

Խոսքը ոչ միայն այն մասին է, որ սփյուռքը հետաքրքրվի երկրի ճակատագրով, այլ որ սփյուռքահայերը վերադառնան ու բնակություն հաստատեն պատմական հայրենիքում։

Նա նշեց, որ հիմա աշխարհի հրեաների կեսից շատն Իսրայելում են ապրում։

«Մենք հասել ենք դրան, կարծում եմ՝ Հայաստանի համար էլ դա պետք է ամենակարևոր նպատակը լինի», — ասաց Էսկինը։

Ավելի վաղ Էսկինը նշում էր, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները չեն խոչընդոտի Հայաստանի հետ մտերմանալուն։ Նույն տրամաբանությամբ՝ Իսրայելը չպետք է Երևանի ու Թեհրանի սերտ հարաբերությունների պատճառով խուսափի Հայաստանից։