Ամեն ինչ արվում է իրանցիներին Նովրուզի օրերին Հայաստան գրավելու համար

Այս տարի մարտին Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Պատկան կառույցները վստահեցնում են, որ այդ արդյունքի համար աշխատում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. 2018 թվականին միայն մարտ ամսին Նովրուզի առիթով Հայաստան է այցելել շուրջ 20%-ով ավելի իրանցի զբոսաշրջիկ, քան 2017 թվականին։ Հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Նույն աղբյուրի համաձայն` 2017 թվականին այդ օրերին Հայաստան էր այցելել 220.000 իրանցի, ինչը 16 %-ով գերազանցել էր 2016թ.-ի ցուցանիշը։

Հայաստանում 40 հավելյալ չվերթ կիրականացվի իրանցիների համար

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պետական կառույցներն ամեն ինչ անում են, որ իրանցի զբոսաշրջիկների հանգիստը Հայաստանում լինի առավել հանգիստ ու ապահով։

«Այն ինչ նախատեսվում է, մենք փոխանցում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանություն, որպեսզի նրանք պարսկերեն լեզվով իրենց կայքում տեղադրեն ու ուղարկեն Իրան։ Այսինքն` իրանցին մինչ Հայաստան գալը հնարավորություն ունի ծանոթանալ Հայաստանում իրենց համար կազմակերպվող բոլոր միջոցառումներին»,- ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, ՀՀ վարչապետը պետական կառույցներին հատուկ հրահանգել է իրանցի հյուրերի համար ապահով պայմաններ ստեղծել։ Գործում է նաև արագ արձագանքման ու տեղեկատվական թեժ գիծ։

Մարտ- ապրիլ ամիսներին նաև Իրան-Հայաստան հատուկ չվերթներ են իրականացվում, ինչը ևս, մասագետների դիտարկմամբ, նպաստում է Իրանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Այս տարի նախատեսված է նման 40 չվերթ` 3 ավիաընկերությունների կողմից։