Ինչպես ընդամենը 200 դոլարով հաջողակ բիզնես սկսել. դասեր Վարդայից

Վարդայի բախտը բերել է, նրա մայրը դերձակ էր, և աղջիկը նրանից շատ բան է սովորել, ինչն էլ հետագայում անհրաժեշտ եղան սեփական բիզնեսը հիմնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մոսկվայաբնակ մեր հայրենակցուհին՝ պարուհի, երգչուհի, հաղորդավարուհի և հաջողակ բիզնես կին Վարդան (Վարդաուշ Մարտիրոսյանը), Instagram-ի թերևս ամենաակտիվ օգտատերերից է: Նա ամեն օր որևէ թեմայով գրառում է կատարում սոցիալական կայքում, երբեմն մեկ օրում անգամ մի քանի գրառում է անում՝ իր երկրպագուների, բաժանորդների հետ կիսվելով սեփական խոհերով, հիշողություններով, զանազան խորհուրդներ տալով կամ հարցնելով:

Ինչու է իր մաշկն այդքան գեղեցիկ. Վարդան բացել է գաղտնիքը

Այժմ էլ երիտասարդ աղջիկը կիսվել է բիզնեսի ոլորտում իր ունեցած փորձով՝ հավաստիացնելով բոլոր սկսնակ գործարարներին, որ ընդամենը 200 դոլարով էլ հնարավոր է հեռանկարային բիզնես ստեղծել:

Ովքեր չգիտեն, նշենք, որ որպես պարուհի հաջողակ կարիերա անելուց բացի, Վարդան նաև ներքնազգեստի անվանական ապրանքանիշ ունի, որը կոչվում է @varda_tm, և արդեն Ռուսաստանի մի շարք քաղաքներում նրա խանութներն են գործում, որտեղ էլ վաճառվում են Վարդայի մտահաղացմամբ ծնված կանացի ներքնազգեստները:

Ամիսներ առաջ նա իր կայքէջում գրառում էր կատարել՝ խորհուրդ հարցնելով, թե ուրիշ որ քաղաքներում և երկրներում կարող է իր խանութները բացել: Այդ ժամանակ նա տեղեկացրել էր նաև, որ մտածում է իր ապրանքանիշը նաև հայաստանյան շուկայում ներկայացնելու մասին:

Ի դեպ, մեր հայրենակցուհին խոստովանել է, որ այսօր արդեն մեծ պահանջարկ ունեցող իր բիզնեսը սկսել է ընդամենը 200 դոլար ստարտային կապիտալից:

«Հավանաբար շատերը կզարմանան, եթե նշեմ, որ @varda_tm-ի ստարտային կապիտալը 200 դոլար է եղել: Շատերը կասեն, թե այդքան գումարով հնարավոր չէ սեփական գործը հիմնել: Իսկ ես չէի իմանա՝ ինչից սկսել, եթե այն ժամանակ ձեռքիս, օրինակ, միլիոն լիներ: Մեծ փողերը մեծ ռիսկ են ենթադրում: Իմ դեպքում որևէ ռիսկ չկար, և հնարավոր չէր պարտություն կրել: Ուստի ամեն անգամ ծիծաղում եմ, երբ շատ խելոքներ հետաքրքրվում են, թե որքան ժամանակ հետո ես կարողացա հետ վերադարձնել ներդրումները»,- գրել է Վարդան:

Նա խորհուրդ է տալիս՝ եթե գործ սկսելու համար նախնական գումար չկա, կամ այն շատ քիչ է, ուստի պետք է պատրաստ լինել նախնական շրջանում ամեն ինչ ինքնուրույն անել: Իսկ եթե որևէ հմտություն չունես, ստիպված կլինես սովորել:

 

Վարդայի բախտը բերել է: Նրա մայրը դերձակ էր, և աղջիկը հաճախ էր օգնում մորը ուրիշների համար հագուստ կարել: Դա նրանց ապրուստի միջոցն էր: Ուստի ներքնազգեստի արտադրությունը սկսելով՝ Վարդան ինքն էր ամեն ինչ անում՝ նախագծում մոդելները, ձևում դրանք կտորի վրա և կարում: Հակառակ դեպքում՝ մասնագետներին այդ ամենը պատվիրելու համար աստղաբաշխական գումարներ հարկավոր կլինեին:

«Եվ այն էլ չգիտես, թե վերջնարդյունքոմ ինչ կստացվեր»,- գրել է նա՝ հավելելով՝ որքան քիչ է գումարը, այնքան ավելի շատ գիտելիքներ և հմտություններ պետք է ունենալ այս կամ այն ոլորտում բիզնես անելու համար: Դրանում օգնության կհասնի համացանցը, որտեղ առցանց տարբերակով կարելի է ուսումնասիրել ինչ ասես: