Վիգեն Սարգսյանը կլքի՞ պաշտոնը

«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ Վիգեն Սարգսյանը կփոխի նախարարական աթոռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ից հետո ձևավորվելիք կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են սպասվում:

Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լքելու է պաշտոնը` փոխարենը դառնալով ՀՀ արտգործնախարար:

«Ըստ մեր աղբյուրների` Վ. Սարգսյանի տեղափոխման հարցում լուրջ դեր է խաղացել ՊՆ բարձրաստիճան զինվորական անձնակազմի դժգոհությունը, որ նրանք պարբերաբար արտահայտել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում»,- նշված է հոդվածում:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին: Նա պատասխանել է. «Ինքս չեմ համարում, որ ես պաշտպանության նախարարության երրորդական, չորրորդական պաշտոնյա եմ, գոնե ինքս նման խոսակցության ականատես չեմ եղել: Շատ շատերը, այդ թվում ես, շատ մեծ ցանկություն ունեք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական նշանակումներին, ապա լինելով քաղաքական գործիչ` Վիգեն Սարգսյանի որևէ այլ պաշտոնի նշանակման հետ կապված խնդիրը, ենթադրում եմ, հարցադրումը պետք է ուղղել ոչ թե ՊՆ-ին, այլ ՀՀԿ-ին»: