Մեկ ամիս մնաց, համբերեք. հորդորում է գործող վարչապետի թիմակիցը

«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է Կարեն Կարապետյանի թիմակիցներից մեկի հետ և եզրակացրել, որ նրանք դեռ հույսը չեն կորցնում վարչապետի հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Չնայած շատերի կարծիքով ՀՀ ապագա վարչապետի հարցն արդեն լուծված է, և այդ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանը, բայց գործող վարչապետի թիմակիցները կարծես դեռ հույսը չեն կորցնում, որ այդ պաշտոնը կառաջարկվի Կարեն Կարապետյանին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Ես չեմ ուզում գուշակություններ անել: Վարչապետի հարցը դեռ չի քննարկվել, վերջնական որոշում չկա: Իհարկե նա (Կարեն Կարապետյանը-խմբ) վարչապետի աշխատանքի գործառույթը շատ լավ իրականացնում է, իմ գնահատականն էլ բարձր է նրա կատարած աշխատանքին: Տնտեսական աճի ձեռքբերումներ կան…»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը, որը համարվում է Կարեն Կարապետյանի թիմակիցներից:

Թերթի թղթակցի հարցին, թե ապրիլից, երբ վարչապետի ուսերին արտաքին քաղաքականության մասով մեծ պատասխանատվություն է դրվում, ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այդ պատասխանատվությունը կրել, Անդրանիկ Հարությունյանը արձագանքել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի: Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց, որ պատրաստ է, իսկ մնացածը՝ մեկ ամիս մնաց, համբերեք»: